Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ ես կարդում եմ ոչ միայն գրքեր, այլև նախընտրական ծրագրեր: 2026 թվականի Ազգային Ժողովի ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական հիմնական կարգախոսն է՝ «Տեր կանգնիր խաղաղությանը»:
Մի մեջբերում անեմ դեռևս կառավարող կուսակցության նախընտրական ծրագրից.
«...Խաղաղությունն է, ըստ այդմ, անվտանգության ապահովման միակ գործուն և հուսալի երաշխիքը, և Հայաստանի Հանրապետությունը, քաղաքացիները, հանրային–քաղաքական շրջանակները պետք է ամենօրյա խնամք տանեն խաղաղության նկատմամբ՝ այն ուժեղացնելու, առավել ինստիտուցիոնալ, անշրջելի և երաշխավորված դարձնելու համար»։
Այս տողերը վերլուծության տվեք ցանկացած արհեստական բանականության գործիքով, որպեսզի հասկանանք, թե ու՛մ և ինչի՞ հետ գործ ունենք:
Ժողովուրդ ջան, քաղաքագիտության մեջ փաշինյանական այս մտավարժանքը կոչվում է ուտոպիստական պացիֆիզմ:
ՈՒտոպիա տերմինի հեղինակը Թոմաս Մորն է, ով իր համանուն գրքում նկարագրում էր երևակայական, գոյություն չունեցող, իրականությունից կտրված հասարակություն։
Պացիֆիզմն իր հերթին գաղափարախոսություն կամ աշխարհայացք է, որը մերժում է պատերազմը, բռնությունը և զինված հակամարտությունները որպես խնդիրների լուծման միջոց։
ՈՒտոպիստական պացիֆիզմը բացարձակ պացիֆիզմի մի տեսակ է, որ անընդունելի և անարդարացի է համարում նույնիսկ ինքնապաշտպանության նպատակով պատերազմը:
Սիրելի մարդիկ, գոնե հասկանու՞մ եք, թե ովքե՞ր են այս մարդիկ, ի՞նչ են քարոզում:
Համաշխարհային պատմության մեջ երբևէ չեն եղել և չեն էլ կարող լինել ուտոպիստ-պացիֆիստական պետություններ, չեն եղել և չեն էլ կարող լինել ուտոպիստ-պացիֆիստ կառավարիչներ:
Ըստ ամենայնի, Փաշինյանն իրապես տարվել է իր երկնային առաքելականության, մեսիականության գաղափարով, բայց նրա քարոզած այս ցնդաբանությունը ուղղակի փորձ չէ, այլ մեր պետության ու ժողովրդի համար անխուսափելի ողբերգական հետևանքներով հղի ազգակործան փորձանք:
Վարդան ԲԱԼՅԱՆ